ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ (ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔ)
Գորիս բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ համայնքերի խոշորացման արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀՀՕ-100-Ն օրենքով:
Համայնք ընդգրկում է Գորիս քաղաքային բնակավայրը, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն և Քարահունջ գյուղական բնակավայրերը:
Գորիս քաղաքային բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 67 կմ
Հեռավորությունը Երևան քաղաքից՝ 254 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250-1520 մ,
Քաղաքը հիմնադրվել է` 1870թ.:
Գորիս քաղաքը գտնվում է Գորիս (Վարարակ) գետի հովտում: Նախկին անվանումներն են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել էհ նագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից: Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար: Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդդար) Գորու և Գորայք գյուղերից մեկին: Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում: 17-18-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխում էին Մելիք-Հուսեինյանները: Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թվականներից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը: 1876թ. Հին Գորիսի մոտ Ստարացկի գավառապետի նախաձեռնությամբ, Մանուչար Բեկ Մելիք Հուսեինյանի խորհրդով և գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ. սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքը հանդիսացավ արցախյան շարժման հենասյուներից մեկը: Քաղաքում անդրանիկ երթը տեղի ունեցավ փետրվարի 22-ին: Նշանակալից իրադարձություն էր նաև 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում:
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Գորիսում կա 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված բազալտակուռ աղբյուր-հուշարձանը: Այստեղ են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը: Քաղաքը 19-րդ դարի 70-ական թվականներին ուներ մոտ 1000, 1897թ.՝ 2400, իսկ 1976թ.-ին՝ 17400 բնակիչ:
1992թ-ին համագործակցության համաձայնագիր է կնքվել Գորիսի և Ֆրանսիայի Վիենի քաղաքների միջև, որի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տուրիզմի, մշակույթի, կրթության, սպորտի, բնապահպանության, առողջապահության, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում:
2008թ․համագործակցության համաձայնագիր է կնքվել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Նեսվիժ շրջանի հետ:
Գորիսում գործում են արդյունաբերական ձեռնարկություններ: Դրանցիցեն` «Գամմա», «Զանգեզուր», «Գորիսի միկրոշարժիչ» ԲԲԸ-ները, գործում են սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ, կան քարամշակման արտադրամասեր: Քաղաքում հատկապես զարգացած է էներգետիկայի արտադրությունը, հանձինս «Որոտան ՀԷԿերի համակարգ» ՓԲԸ-ի:
Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում է երկու ավագ, չորս հանրակրթական և մեկ հատուկ դպրոց: Գործող բարձրագույն ուսումնական հաստատություններն են Գորիսի պետական համալսարանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, «Սյունիք» ինստիտուտը և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը:
Գորիսում գործում են 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 5 արտադպրոցական ուսումնական հաստատություններ` Ա. Սաթյանի և Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցներ, Գ. Արոնյանի անվան արվեստի դպրոց, Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց:
Մշակութային կառույցներն են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը՝ իր ստորաբաժանումներով, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը:
Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոն, «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան, «Դիագնոստիկա» ԲԲԸ-ի մասնաճյուղ` վերանվանված «Սյունիք» բժշկական կենտրոն:
Գորիս քաղաքում գործում են 20-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություններ:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 5039 հա, այդ թվում`գյուղատնտեսական նշանակության հողեր` 4035 հա, որից`
Գորիսը՝ քարտեզի վրա.
Խնձորեսկ գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 78 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 13 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580 մ
Կարգավիճակը՝ սահմանամերձ։
Խնձորեսկ գյուղական բնակավայրի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։
«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։ Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում։
Անվան ստուգաբանություն
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Հին Խնձորեսկ
Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100-120 մ բարձրության ժայռեր։
Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, XIX դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։
Պատմություն
Խնձորեսկի պատմությունը հին է և հարուստ։ Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս չեն պեղված և ուսումնասիրված, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի
սկզբնավորման շրջանից։ Բուն Խնձորեսկում ամենահինը Չահլուկն է, որի պատմությունը հասնում է դարերի խորքը։
Ըստ երևույթին, XIV - XV դդ. է վերաբերում համեմատաբար հարթ ու մատչելի վայրերում գտնվող կենտրոնական թաղերի սկզբնավորումը։ Խնձորեսկի բնակիչները դարեր շարունակ հմտորեն օգտագործել են լեռնային բարդ տեղանքը, ինչպես բնակության ու աշխատանքի, այնպես էլ ինքնապաշտպանության համար։
Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։
Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ Թահմազ Ղուլի-Նադրխանին շահ կարգելուց հետո, 1735 թվականին, Մուղանի դաշտավայրից Տաթևի վրայով Էջմիածին վերադառնալիս կանգ էր առել Խնձորեսկում, իր «Պատմության» մեջ հանգամանորեն նկարագրում է տեսածը։ Գիշեր թե ցերեկ, ամեն րոպե, ուժերի անհամեմատ մեծ գերակշռություն ունեցող հրոսակների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել այն քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, հաճախ գետնից 20 - 30 մ բարձրության վրա։ Կրետացին զարմանքով է դիտել, թե ինչպես պարանով քարանձավ էին մագլցում նույնիսկ կանայք՝ մեջքին կապած երեխա կամ քթոց։
Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։
XIX դարի վերջին-XX դարի սկզբին կապիտալիստական ապրանքային հարաբերությունների ծավալումը իր ազդեցությունը թողեց նաև Խնձորեսկի վրա. դասակարգային հակասությունների սրման հետ մեկտեղ առաջացավ գերբնակչություն, որը սկսեց աշխատանք որոնել Անդրկովկասի տարբեր վայրերում, հատկապես Բաքվում, ապա, ինչպես խնձորեսկցիներն էին ասում՝ «ծովի էն կողմը»՝ Միջին Ասիայում։ Բնակչության արտահոսքը շարունակվեց նաև հետագայում, և Անդրկովկասի ու Միջին Ասիայի մի շարք կենտրոններում բնակություն հաստատեցին հազարավոր խնձորեսկցիներ։ Բանվորական կենտրոնների հետ անմիջական կապը խթանել է Խնձորեսկում հեղափոխական տրամադրությունների տարածումը, ապա և՝ շարժման վերելքը։ 1919 թվականի ապրիլին ստեղծվել է Խնձորեսկի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը՝ առաջինը շրջանում։ 1928 - 1929 թվականներին կազմակերպվել է Խնձորեսկի կոլեկտիվ տնտեսությունը (1976թ.-ից՝ սովետական տնտեսություն)։ Այդ ժամանակ էլ Խնձորեսկն էլեկտրիֆիկացվել է։
1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը ընկել է մարտի դաշտում։ Նրանք ծառայել են զորքի բոլոր տեսակներում՝ 1100-ը որպես շարքային, մնացածը՝ սպա։ Դիվիզիայի հրամանատարներ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի, գնդապետ Ներսես Բալոյանի, Սովետական Միության հերոս Գուրգեն Արզումանյանի և բազմաթիվ ուրիշների անունները առհավետ մտել են Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա և 200-ից ավելի շքանշանակիր զինվորականներ։
Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ։ 1980-ականներին գործում է Գ. Սևունցի անվան գյուղատնտեսական մեքենայացման թեքումով միջնակարգ դպրոցը, ակումբ, գրադարան, կինո, բուժարան։ Խնձորեսկում են ծնվել Լենինյան մրցանակի դափնեկիր Հ. Սարկիսովը (Սարգսյան) և սոցիալիստական աշխատանքի հերոսներ Մ. Թյունյանն ու Մ. Մյուլխասյանը։
Տնտեսություն
Գյուղատնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա 516 գյուղացիական տնտեսություն։ 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 960 հա աշնանացան։ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Խնձորեսկում անասնագլխաքանակը հետևյալն է.
Պատմաճարտարապետական հուշարձաններ
Խնձորեսկն ունի հարյուրավոր բնակելի քարանձավներ, խաչքարեր, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի դամբարանատեղի։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2002թ․ հաստատված ցանկի, գյուղում կա 218 հուշարձան։ Նշանավոր շինություներից են.
Գյուղում է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը։ Գյուղում 2012թ. բացվել է մոտ 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջ:
Հայտնի մարդիկ
1919թ. ապրիլին՝ առաջինը Գորիսի շրջանում, ստեղծվել է կոմունիստական կազմակերպություն։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 1250 խնձորեսկցիներ, որոնցից 480-ը զոհվել են։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա, 200-ից ավելի շքանշանակիր զորականներ, որոնց թվում է նաև ԽՍՀՄ հերոս Գուրգեն Արզումանյանը։ Խնձորեսկը հռչակված է նաև գիտության, գրականության և արվեստի իր նշանավոր մարդկանցով։ Այստեղ են ծնվել գուսան Թառ-Սյունին՝ Ներսես Սազանդարյանը, ԽՍՀՄ Ժող. արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, արձակագիրներ՝ Գարեգին Սևունցը, Սուրեն Այվազյանը, կոմպոզիտորներ՝ Արամ Սաթունցը, Աշոտ Սաթյանը, Լենինյան մրցանակի դափնեկիր Հ.Սարկիսովը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վահան Ղազարյանը, փիլ. գիտությունների դոկտոր Աշոտ Թելունցը, գրականագետ Բենիկ Յուզբաշյանը, գերմանագետ Յաշա Մարտիրոսյանը, ԽՍՀՄ պետական կուսակցական գործիչ Մուկուչ Արզանյանը, բժշկ. գիտությունների դոկտորներ Աշոտ Գյուլխասյանը, Կառլեն և Վարդան Ակունցները, պատմ. գիտ. դոկտորներ Աբել Սիմոնյանը, Շահեն Օհանջանյանը, իրավաբանական գիտ. դոկտոր Արմենակ Դանիելյանը և այլք։
Խնձորեսկը՝ քարտեզի վրա.
Ներքին Խնձորեսկ գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 86 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 21 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ
Կարգավիճակը՝ սահմանամերձ:
Հիմնադրվել է 1983թ. սեպտեմբերին՝ Խնձորեսկ գյուղի ապախոշորացման արդյունքում։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` - անասնապահությունը, - դաշտավարությունը:
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 624 հա, այդ թվում`գյուղատնտեսական նշանակության հողեր` 577 հա, որից`
Ներքին՝ Խնձորեսկը քարտեզի վրա.
Վերիշեն գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 68 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 3 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ
Պատմական համառոտ ակնարկ
Վերիշենի պատմությունը հին է և հարուստ: Գյուղի վարչական տարածքում պահպանվել են մի շարք բնակավայրերի մնացորդներ (Ականա, Նախանձփոր, Ձագեձոր և այլն): Գյուղի տարածքում և շրջակայքում կան ժայռափոր բնակատեղիներ, դամբարանադաշտեր (Բաբախանի կալեր, Զուգաքարի տափարակ Ն.Ք. 2-1 հզմ): Գյուղի անմիջապես հյուսիսային հատվածում՝ լեռնաբազուկի հրվանդանին, պահպանվել է Ձագ Նահապետի կողմից վերանորոգված Հաբանդա բերդի (Ձագեձորի ավերակները, Ն.Ք. 2-րդ հազարամյակի սկիզբ): Ձագեձորի բերդը իր հարակից բնակավայրով եղել է Սյունյաց Նահապետների նստավայրը և մինչև 5-րդ 6-րդ դարերը կատարել վարչական կենտրոնի դեր: 4-րդ դարի սկզբին՝ գյուղում գտնվող հեթանոսական տաճարը քանդելով, նրա հիմքի վրա կառուցվել է Սյունիքի առաջին եկեղեցիներից մեկը՝ Սբ. Հռիփսիմեն, որը Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է, երկ. 27,3 մ: 1621 թվականին ենթարկվել է հիմնովին վերանորոգման և կանգուն է առ այսօր: Եկեղեցուն կից՝ 5-րդ դարում, Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել է Սյունիքի առաջին դպրոցներից մեկը:
7-րդ դարի առաջին կեսին պարսկական արշավանքներից վերադարձող Հերակլ կայսրը այստեղ 3 օր դադար է տվել իր զորքին:
Վերիշենը Սյունի իշխանների նստոց էր նաև 10-րդ դարում: 932 թվականին Տաթևի Հակոբ Եպիսկոպոսը Ձագեձորի Փիլիպպե իշխանից գնում է Ձագեձորի ջուրը և ջրանցքով տեղափոխում Տաթևի այգիներ: 1294 թվականին ջրանցքը վերանորոգվում է, որի վերաբերյալ կա արձանագրություն: Օրբելյան իշխանների տիրապետության ժամանակ այն Տարսայիճ Օրբելյանի նստավայրն էր: Մոնղոլ-թաթարական արշավանքների ընթացքում՝ 13-րդ դարի կեսերին, այն Բաչու նոինի նստավայրն էր: Այստեղ է կալանված եղել Սոնաց (վրաց) Դավիդ թագավորը:
Ձագեձորի բերդի շուրջն էլ տարածվել է Ստեփանոս Օրբելյան հիշատակած Ձագեձոր գյուղը, որը հետագայում, հավանաբար, 16-րդ դարից հայտնի էր Կյորես անունով: 16-րդ դարի 2-րդ կեսերից 17-րդ դարի 1-ին կեսերը այն ծաղկել է և հայտնի է եղել որպես առևտրական (խոջայական) խոշոր կենտրոն, այդ մասին են վկայում 17-րդ դարում կառուցված աշխարհիկ բազմաթիվ մեծարժեք շինությունները, որոնց մի մասը այսօր էլ բնակելի է: Այդ ժամանակաշրջանում է կառուցվել նաև Սուրբ Գևորգ եկեղեցին, որն այսօր հայտնի է Սուրբ Նորակնունք անունով: 1994թ. վերանորոգվել է կանադահայերի հովանավորությամբ և այժմ գործում է:
17-րդ դարի վերջերից այն սկսել է անկում ապրել, և բնակչությունը մի քանի անգամ ենթարկվել է բռնագաղթի: Այդ մասին են վկայում գորիսեցի գրիչների վկայությունները:
18-րդ դարի 2-րդ կեսին (1748 և 1762թթ.) գյուղը ենթարկվել է պարսից խաների ավերիչ արշավանքներին, որից հետո հին Գորիսի բնակիչները աստիճանաբար հիմնավորվում են նոր Գորիս գյուղում՝ Երի Շենի բնակիչները՝ Մելիք Օհանի գլխավորությամբ հիմնում են (1770թ.) Ներքի Շենը՝ Գորիս գյուղը: Վերիշենը՝ Հին Գորիսը, աստիճանաբար վեր է ածվում ամառանոցի: 19-րդ դարի վերջերից հին տոհմերի առանձին ներկայացուցիչներ նորից հիմնավորվում են հին Գորիսում և բնակվում մինչ այսօր: 1958թ-ից Հին Գորիսը վերանվանվում է Վերիշեն:
Վերիշենում են ծնվել գվարդիայի գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանը, հանրահռչակ Գուսան Աշոտը (Աշոտ Դադալյանը), գիտության բազմաթիվ դոկտորներ, պրոֆեսորներ, արվեստի և մշակույթի նշանավոր գործիչներ:
Ձագեձորի Սբ. Հռիփսիմե եկեղեցին որպես հնագույն գիտամշակութային կենտրոն
Ձագաձորի (Վերիշենի) Սբ.Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, ամենայն հավանականությամբ կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական ԱՍՏՂԻ տաճարի տեղում (Ալբիրեո, Անգղի համաստեղություն):Ուսումնասիրություններով պարզել եմ, որ եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:
Տաճարն, անկասկած, կառուցվել է ավելի հին` մեգալիթյան կառույցին կից կամ նրա տեղում: Այդ են վկայում եկեղեցու շրջակայքում պահպանված ԱՆՑՔԵՐՈՎ բազմաթիվ քարերի առկայությունը: Տարբեր անկյան տակ փորված անցքերով քարերի և տեղում հայտնաբերված ԵԶԱԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ (նկ. 2) առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ
եկեղեցու և մեհյանի տարածքում եղել և գործել է հնագույն աստղադիտարան:
Ձագաձորի մեգալիթյան աստղադիտարանը նշված հուշարձանախմբի անբաժանելի մասն է, նրա ֆունկցիոնալ կարևորագույն տարրերից մեկը:Աստղադիտարանի աշխարհագրական դիրքը ճշգրիտ համընկնում է Երկրի վրա արտացոլված Անգղի (Կարապի) համաստեղության Ալբիրեո աստղին (Անգղի համաստեղության Երկրի վրա արտացոլված հուշարձանախմբի` Անգեղակոթ, Քարահունջ և այլն, մասին մանրամասն տես Վ.Վահրադյան և Մ.Վահրադյան, «Քարահունջ հուշարձանի մասին միջդիսցիպլինար գիտական հետազոտության արդյունքները»):
Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ աստղադիտարանի շրջակայքում` նրանից 3 կմ հյուսիս-արևմուտք, պահպանվել է նրան ուղեկցող ևս մեկ «հունջ»: Քանի որ աստղադիտարանը համապատասխանում է Կարապի b-ին` Ալբիրեոին, ուստի հայտնաբերված «հունջը» Ձագաձորի աստղադիտարանի հետ միասին արտացոլում է Ալբիերոյի կրկնակի աստղ լինելու հանգամանքը երկրի վրա:
Գործիքների մեծ մասը ժամանակի ընթացքում օգտագործվել է այլ նպատակների համար, իսկ խորհրդային ժամանակաշրջանում, ականատեսների վկայությամբ, մի մասն էլ կտրտվել և օգտագործվել է որպես շինանյութ:Ձագաձորի մեգալիթյան կառույցի աստղադիտական գործիքները` անցքերով քարերի մի մասը, պահպանվել է (10 հատ` անխաթար, 7 հատ` անցքերը ջարդված վիճակում):
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը, - դաշտավարությունը:
Հողեր (ընդամենը)` 4762 հա, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր` 4396 հա, որից`
Վերիշենը՝ քարտեզի վրա.
Ակներ գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 69 կմ Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 4 կմ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ Կարգավիճակը՝ լեռնային
Գտնվում է Գորիս քաղաքի հյուսիս-արևմտյան մասում, Վարարակ (Գորիս) գետի ափին, հիմնադրվել է 1880թ.։
Ակները 1958-90թթ. գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում։ Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված էր դեռևս 10-րդ դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 334 գյուղացիական տնտեսություն:
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 3952 հա, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր` 3733 հա, որից`
Ակները՝ քարտեզի վրա.
Հարթաշեն գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 79 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 14 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ
Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1965-70 ական թվականներին՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17դդ․) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը:
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 3167 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 2902 հա, որից`
Հարթաշենը՝ քարտեզի վրա.
Շուռնուխ գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 28 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ
Շուռնուխը Սյունիքի մարզի նոր բնակավայրերից է, հիմնադրվել է 1930թ., գտնվում է Գորիս-Կապան ավտոճոնապարհին՝ Գորիսից 17կմ հեռավորության վրա։
Հողեր (ընդամենը)` 2344 հա, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր` 720 հա, որից`
Շուռնուխը՝ քարտեզի վրա.
Որոտան գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 50 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 15 կմ
Որոտանը կառուցվել է 1960-ական թվականներին՝ Տաթևի ՀԷԿ-ի կառուցման ընթացքում՝ որպես կից ավան։
Որոտանը 1889-91թթ. հիմնականում բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքներով։
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 326 հա, այդ թվում`
Որոտանը՝ քարտեզի վրա.
Քարահունջ գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 4 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ
Քարահունջը գտնվում է Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, Գորիս քաղաքից հարավ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, ամրոց (9-րդ դար), գյուղատեղիներ (Լալքար, Գոմեր, 5-18դդ.), եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 1676թ.), մատուռ (Հազարափրկիչ, միջնադար), գերեզմանոց։
Քարահունջը հայտնի է իր հեղափախական անցյալով։ Այստեղ են ծնվել պրոֆեսիոնալ հեղափոխականներ՝ Մ.Սևյանը, Գ.Ղազարյանը, գրող, լրագրող Գ.Արևյանը, ագրոքիմիկոս Ա.Գալստյանը։
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 1969 հա, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր` 1735 հա, որից`
Քարահունջը՝ քարտեզի վրա.
Բարձրավան գյուղական բնակավայր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 33 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1520 մ
Նախկինում կոչվել է Քյուրդիկ, Երիցաթումբ, Բարձրավան է վերանվանվել 1940թ.։ Գտնվում է Որոտան գետի բարձրադիր աջ մասում, գեղատեսիլ սարավանդի վրա։ Մինչև 1931թ. Զանգեզուրի աղետաբեր երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է (զոհվել է 49 մարդ) և նորը կառուցվել է նշված սարավանդի վրա։ Բնակիչների մի մասը 1866թ. եկել են Շինուհայր գյուղից։
Գյուղիի տարածքում են գտնվում Սբ․ Հռիփսիմե (վերականգնված 19-րդ դարում), «Քրատակի Սուրբ Մինաս» (կառուցված 1821թ. եկեղեցիները), Բղենո Նորավանքի հուշարձանների համալիրը, Պաշարաջուր և Մաճ կոչված գյուղատեղիները:
Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 2795 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 995 հա, որից`
Բարձրավանը՝ քարտեզի վրա.
Վանանդ գյուղական բնակավայր
Վանանդ գյուղական բնակավայրը գտնվում է Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա հովտում, Շուռնուխ գյուղական բնակավայրից՝ 9 կմ հարավ։
Վանանդ է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Վանանդից 5-6 կմ հարավ-արևելք, անտառի մեջ, կա կիսավեր եկեղեցի։
Բնակչություն
Վանանդի ազգաբնակչության փոփոխությունը.
Վանանդը՝ քարտեզի վրա.
Աղբուլաղ գյուղական բնակավայր
Աղբուլաղ գյուղական բնակավայրը գտնվում է Շուռնուխ գյուղական բնակավայրից՝ 9 կմ հարավ-արևմուտք, Որոտանի աջակողմյան վտակ Քաշունի գետից դեպի ձախ:
Աղբուլաղի մոտ է գտնվում «Կալանըդար» ամրոցը։
Աղբուլաղի ազգաբնակչության փոփոխությունը.
Աղբուլաղը՝ քարտեզի վրա.
Ձորակ գյուղական բնակավայր
Ձորակ գյուղական բնակավայրը գտնվում է Շուռնուխ գյուղական բնակավայրից՝ 13 կմ հարավ-արևելք:
Ձորակ է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին:
Ձորակի ազգաբնակչության փոփոխությունը.
Ձորակը՝ քարտեզի վրա.
<<ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԱԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Facebook
Instagram
YouTube
Location on Google Maps